Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Պայթուն գազալցակայանում
Քննության առարկա է դառնալու գազաբալոնի՝ սահմանված կարգով ստուգում և ճնշափորձարկում անցած լինելու, լիցենզավորված լինելու հանգամանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղին հարակից գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հայտնել էինք, որ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մեքենա է այրվել, 4 մարդ հոսպիտալացվել է։
ՔԿ–ն հայտնում է, որ պայթյունի հետևանքով թեթև մարմնական վնասվածներ են ստացել ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի 45-ամյա վարորդը և ուղևորուհին՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ծաղկուտ բնակավայրից։ Վնասվածքներ են ստացել նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդը՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրից, և գազալցակայանի լիցքավորող 31-ամյա աշխատակիցը՝ նույն համայնքի Իրինդ բնակավայրից։ Բուժօգնություն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել։
Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառվել):
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նշվում է նաև, որ քննության առարկա է դառնալու նաև գազաբալոնի՝ սահմանված կարգով ստուգում և ճնշափորձարկում անցած լինելու, լիցենզավորված լինելու հանգամանքը։