ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը, տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Նշվում է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։ Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունքի և ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի անցակետ
Համազեկուցողները հանդիպել են Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։
«Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում», - նրանց ասել է Կիմմո Կիլյունենը։
Հիշեցնենք, որ երեկ էլ համազեկուցողներն այցելել էին Ջերմուկ։ Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները շրջել են Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրերով։