ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Թուրքիային աջակցելու համար

Հելգա Մարիա Շմիդի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ
Շմիդի խոսքով` ԵԱՀԿ-ն պատրաստ է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի կապակցությամբ աջակցության համար։ Շմիդը թվիթերյան իր էջում է գրառում կատարել` անդրադառնալով Փաշինյանի հետ հանդիպմանը։
Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումը կայացել է երեկ։
«Ողջունում եմ տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը»,–ասել Շմիդը։
Շմիդի խոսքով` ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելացնել երկկողմ աջակցությունը և ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա։ Իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։
Իսկ Թուրքիայի դեպքում փետրվարի 11-ին ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը թվիթերյան իր էջում հայտնել էր, որ ՀՀ-ից ուղարկած առաջին` 100 տոննա օգնությունը հասել է Ադիյաման։
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Այս անգամ, սակայն, բեռի քանակի մասին տեղեկություն չկա։