Թուրքիայում փրկարարները փլատակներում 2 մլն դոլար են գտել ու փոխանցել ոստիկանությանը

Ավելի վաղ ՌԴ փրկարարներն էին Թուրքիայում բնակելի տան փլատակներում 150 հազար դոլար գտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Ղազիանթեփ քաղաքում փրկարարները տան փլատակների տակ շուրջ 2 մլն դոլար են հայտնաբերել և փոխանցել դրանք ոստիկանությանը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Փրկարարները տեսել են գումարը, երբ Ayşe-Mehmet Polat բնակելի համալիրի փլատակների տակից տղամարդու են դուրս բերել։
«Տղամարդու կողքին ընդհանուր 2 մլն դոլար է եղել, փրկարարները գումարը փոխանցել են հատուկջոկատայիններին։ Մեր տղաները նախևառաջ կյանքեր են փրկում, բայց և թանկարժեք իրերը նույնպես ոստիկանությանն են փոխանցում, սա միակ դեպքը չէ»,–գործակալության հետ զրույցում հայտարարել է Ղազիանթեփի հրշեջ ծառայության ղեկավար Ջագեր Յըլմազը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ–ը հայտնել էր, որ ՌԴ փրկարարները Թուրքիայում բնակելի տան փլատակներում 150 հազար դոլար են հայտնաբերել և փոխանցել տեղի ոստիկանությանը։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40 հազարի։
Երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին։