Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը և համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ. Իրանի ԱԳՆ

Նասեր Քանանին այս հայտարարությունն արել է ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի-Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ չնայած առկա քաղաքական ճնշումներին, Իրանը կշարունակի խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իր ծրագիրը և կառուցողական համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ: Այս մասին գրում է իրանական mehrnews.com–ը։
Քանանին այս հայտարարությունը արել է ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության:
«Այսպես կոչված «Իրանի հարցով աշխատանքային խմբի» նիստի ժամանակ բացահայտ հակաիրանական հայտարարությունն է արվել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի պաշտոնատար անձանց կողմից։ Նրանք Իրանին մեղադրել են ապակայունացնող քաղաքականություն վարելու, ահաբեկչությանն աջակցելու և ամբողջ աշխարհում միջուկային զենք տարածելու մեջ»,– գրված է կայքում։
Քանանին չի ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հնչեցրած մեղադրանքները` անվանելով դրանք հաճախակի կրկնվող և հոգնեցուցիչ:
Իրանցի պաշտոնյան կարծում է, որ նման հայտարարությունները համապատասխանում են տարածաշրջանի երկրների միջև պառակտում սերմանելու` ամերիկյան ռեժիմի դարավոր ռազմավարությանը:
Նասեր Քանանին ներկայացրել է տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ապակառուցողական քաղաքականության բազմաթիվ օրինակներ, որոնք խաթարել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։
Նշենք, որ փետրվարի սկզբին ՄԱԳԱՏԷ-ն հանդես էր եկել քննադատությամբ ՝ հայտարարելով, որ երկրի իշխանություններն առանց ծանուցման կարգավորել են ուրանի հարստացման տեխնոլոգիան մինչև 60 տոկոս: Դրանից հետո Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Իսլամեն հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում սխալներ կան, ինչի կապակցությամբ Իրանը կազմակերպությանը ներկայացրել է իր պարզաբանումները: