Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` կից հրապարակելով այդ մասին վկայող տեսանյութ։
Տեսանյութում երևում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի եռակողմ հանդիպմանը մասնակցում են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք` վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են 2022–ի հոկտեմբերի 31-ին Սոչիում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։