ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կանխել է Դուբայ–Երևան չվերթով ժամանած քաղաքացու չհայտարարագրված ադամանդների տեղափոխումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Դեպքն արձանագրվել է ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում 2023թ.-ի փետրվար ամսվա ընթացքում։
«Օրերս Դուբայ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին՝ կազմակերպության կողմից տրված լիազորագրով, ժամանակավոր պահպանության է հանձնել շուրջ 3367.2 կարատ մշակված ադամանդ՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի։ Մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք քաղաքացու մոտ առկա են հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ, վերջինիս կողմից նշվել է, որ չկան։ Տեսազննման է ենթարկվել քաղաքացու ուղեբեռը»,– ասված է հաղորդագրությունում։
Ճամպրուկում հայտնաբերվել են ընդհանուր 3 գր կշռով թափանցիկ ադամանդանման քարեր, որոնք թաքցված են եղել փղե արձանիկում առկա 2 պոլիէթիլենային տոպրակի մեջ: Ճամպրուկում առկա ջինսե տաբատի գրպանից էլ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակների մեջ թաքցված մինչև 1 գր կշռով 1 թափանցիկ ադամանդանման քար։ Խաղալիք ավտոմեքենայի տուփի տակի հատվածում թաքցված է եղել թանկարժեք քարերի ստանդարտների համապատասխանության սերտեֆիկատ։
Ձեռքի պայուսակի մաքսային զննման արդյունքում էլ պարզվել է, որ քաղաքացու դրամապանակի գրպանիկում առկա են 2 պոլէթիլենային տոպրակի մեջ թաքցված թափանցիկ ադամանդանման քարեր՝ ընդհանուր մինչև 4 գր կշռով։
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով. այն է` ՀՀ պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը, մաքսային հսկողությունից թաքցնելը։
Նշված խախտումը հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի 50 %-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը: