ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանի արյան մեջ թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Լրատվամիջոցին հայտնի են դարձել մանրամասներ սպայի տված ցուցմունքից:
«Սպան, որը երկար ժամանակ հրաժարվում էր ցուցմունք տալ, իրավապահներին հայտնել է, որ, այո՛, բենզինն ինքն է լցրել վառարանի մեջ, բայց անմիջապես կրակ չի բռնկվել, ինքը փոքր ուշ մոտեցել է վառարանին, որ տեսնի, թե ինչու կրակ չկա, ու այդ պահին վառարանից բոց է դուրս եկել: Կրակի պահից սպան բենզինի տարան դուրս է նետել, որի հետևանքով բենզինի մի մասը լցվել է դռան վրա ու դուռը բռնկվել է»,– գրել է թերթը:
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների` Եղիշե Հակոբյանը ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել զինվորներից ևս մեկը՝ Լևոն անունով, և իրենք միասին են գոռացել, աղաղակել, սակայն ընդամենը երկու զինվոր է դուրս եկել հրդեհվող տնից։
Նշենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշել էր, որ սպան իր ցուցմունքում ասել է, թե ինքը և վերոհիշյալ զինվորը 15-20 րոպե գոռացել են։
Նա նշել է, որ Եղիշեի համար տարակուսելի է նաև հանգամանքը, որ ննջասենյակի վերջում գտնվող 2 զինվորները դուրս են եկել այնտեղից, իսկ մյուսները` ոչ։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Փետրվարի 17–ին հայտնի դարջձավ, որ ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։