Իտալիայում ՀՀ դեսպանը խոսել է Արցախի մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին

«Հայաստան՝ բազմահազարամյա ժողովուրդ» միջազգային համաժողովը
Դեսպանն ընդգծել է, որ խնդիրն արդիական է հատկապես հիմա, երբ Արցախի և հարակից տարածքների քրիստոնեական պատմամշակութային ժառանգության զգալի մասը պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ և գտնվում է ոչնչացման, յուրացման մշտական վտանգի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռավեննայում տեղի է ունեցել «Հայաստան՝ բազմահազարամյա ժողովուրդ» միջազգային համաժողովի բացումը, որի ժամանակ Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը խոսել է Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին։ Տեղեկությունը հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Համբարձումյանն ընդգծել է, թե որքան կարևոր և արժեքավոր է այն աշխատանքը, որ հայագետներն այժմ անում են կանխելու համար Ադրբեջանի փորձերը` պատմությունը, ինքնությունը և մշակույթը կեղծելու:
«Մեր տարածաշրջանում սահմանները հաճախակի են փոխվել, և հայերը մի քանի անգամ ստիպված են եղել լքել իրենց պատմական հողերը։ Ցավոք, մենք ունենք հարևաններ, որոնք կառուցել և կերտում են իրենց ազգային ինքնությունը պատմական փաստերի յուրացման և կեղծման հիման վրա»,–նշել է նա։
Դեսպանն ընդգծել է, որ խնդիրն արդիական է հատկապես հիմա, երբ Արցախի և հարակից տարածքների քրիստոնեական պատմամշակութային ժառանգության զգալի մասը պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ և գտնվում է ոչնչացման, յուրացման մշտական վտանգի տակ։
«Նման քաղաքականությունը շատ վտանգավոր է, քանի որ նպատակ ունի արմատախիլ անել հայկական ինքնությունը և դրանով իսկ սահմանափակել արցախահայերի՝ այդ տարածքներում ապրելու իրավունքը»,–ասել է Համբարձումյանը։
Նա անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը և շեշտել, որց դա ևս էթնիկ զտումների վերաբերյալ Արբեջանի քաղաքականության ապացույցն է։
«Ադրբեջանն այսօր Արցախում ստեղծում է իրական հումանիտար ճգնաժամ՝ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակմամբ՝ բնակչությանը զրկելով սննդից, դեղորայքից, էլեկտրականությունից, գազից»,–նշել է նա։
Հավելենք, որ համաժողովի բացման ժամանակ ՀՀ դեսպանը նաև ընդգծել է, որ այս ուսումնական տարվանից Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետի անտիկ գիտությունների բաժանմունքում մշտական հիմունքներով դասավանդվելու է հայոց լեզու և մշակույթ։