Հրդեհի գործով քրեական հետապնդում է սկսվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ

Տ.Ղ.–ն պատասխանատու է եղել ստորաբաժանման նյութական ապահովման համար, սակայն անբարեխիղճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։ Սա հենց այն զորամասն է, որի կացարանում հունվարի 19–ին հրդեհ էր բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

«Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար` իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում` նաև հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ»,– ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինժեներասակրավորական վաշտի զինվորների կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, ցուցմունք է տվել և հայտնել, որ առաջինն ինքն է այրվածքներ ստացել ու սկսել բարձր բղավել, սակայն ոչ ոք չի արթնացել։
Նրանից հետո մեկ այլ զինծառայող էլ է մտել ննջարան ու սկսել գոռալ, կրկին ոչ ոք դուրս չի եկել։ Ըստ Էղիշեի` 15-20 րոպե ժամանակ է եղել մինչև կրակը զինվորների ննջարան հասնելը, նա զարմացած է, թե ինչպես է եղել, որ այդ բղավոցներից տղաները դուրս չեն եկել։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։