ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայ խոհարարների թիմը մասնակցել է Հնդկաստանում կայացած «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա 2023» միջազգային մրցույթին և երկու անվանակարգերում հաղթանակ տարել։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր, WorldSkills (Աշխարհի հմտություններ) Armenia ազգային թիմի փորձագետ Արբի Ղարախանը։
Արբի Ղարախան
© Sputnik / Asatur Yesayants
Մասնավորապես, Հայաստանից օլիմպիադայի մասնակից՝ Երևանի թիվ 6 պետական արհեստագործական ուսումնարանի շրջանավարտ Գոռ Ավետիսյանը հաղթել է Doctor Boss Challenge անվանակարգում, իսկ Ղարախանը ճանաչվել է տարվա լավագույն մենթոր։
Գոռ Ավետիսյան
© Sputnik / Asatur Yesayants
«Գոռի պատրաստած ուտեստը լավագույնը ճանաչվեց թե՛ համով, թե՛ տեսքով»,–ասաց Ղարախանը։
Ասուլիս Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում
© Sputnik / Asatur Yesayants
Ավետիսյանն իր հերթին ասաց, որ իրենց համար շատ կարևոր փորձ էր Հայաստանը ներկայացնելը և պատվով հայրենիք վերադառնալը։
«Մեզ տրված էր 45 րոպե ժամանակ և 20 բաղադրիչ։ Պետք է պատրաստեինք ուտեստներ 4 չափաբաժնով»,–ասաց Ավետիսյանը։
Հայ խոհարարների թիմը պատրաստել է սպանախի հիմքով փանքեյք, հավի կրծքամիս, սալսա և ֆրանսիական սոուս։
Հայ խոհարարների թիմի պատրաստած ուտեստները
© РИА Новости
Չնայած ֆինանսական սղությանը, հայ խոհարարների թիմը մտադիր է շարունակել իր հաղթական ուղին։ Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում World Skills առաջնությանը մասնակցելու համար, որը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 10-ից 15-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Մինչ այդ Հայաստանում կանցկացվի ազգային փուլ, որտեղ կընտրվի այն խոհարարը, որը կմեկնի Լիոն։
Նշենք, որ գրեթե ամեն տարի հայ խոհարարները Հնդկաստանում մասնակցում են երիտասարդ խոհարարների օլիմպիադային։ Անցյալ տարի «Plate Trophy» անվանակարգում հաղթել է Հայաստանի մասնակից Գայանե Սիմոնյանը։