ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանի Սևանի փողոցում 37-ամյա տղամարդու ուղղությամբ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով կրակոցներ արձակած 32-ամյա երիտասարդը 7 օր անց հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին, որի մասին ժամը 18։50-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ծնկահոդի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա տղամարդ:
«Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 17-ին, ժամը 16։05-ին, Արարատ-Երևան ճանապարհի հյուրատներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդուն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 ատրճանակ, որոնցից մեկը լիցքավորված էր 8, մյուսը՝ 4 փամփուշտով, երկու փամփուշտ և դեղնականաչավուն զանգվածով 1 փաթեթ: Կազմված փաստաթղթերը, հայտնաբերվածը և 32-ամյա տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմին»,– ասված է հաղորդագրությունում։
Քրեական վարույթը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 10-ին, ժամը 18։30-ի սահմաններում Սևանի փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունից հետո հիվանդանոց տեղափոխվածի «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ էր արձակել 32-ամյա երիտասարդը, ինչից հետո իր «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով դիմել էր փախուստի: