ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մի քննարկում է եղել, որտեղ բարձրացվել է հարց, թե ինչու է դատախազությունը պարտվում դատարաններում: Պարզաբանում է հնչել, որ շատ քրեական գործերով, որով դատախազությունը պարտվում է դատարաններում, հիմնական պատճառը փորձաքննությունների արդյունքներն են:
«Այսինքն՝ տրված փորձագիտական եզրակացություններն են պարտության պատճառը, ու հիմնական խնդիրը եղել է հենց Արգամ Հովսեփյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը: Եվ միակ բանը, որ այս պահին հետ է պահում Հովսեփյանին ազատելու մտքից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կրկին կադրային խնդիրներն են, քանի որ համապատասխան կադր դեռ չեն կարողանում գտնել»,–գրում է թերթը:
Հիշեցնենք նաև, որ հենց այս նույն ՊՈԱԿ-ն է եզրակացություն տվել Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հարցով:
Եվ այժմ քրեական գործով մեղադրանք է առաջադրված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որն այդ ժամանակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն էր:
«Արդար կլիներ, որ քրեական հետապնդում իրականացվեր ոչ միայն Չարչյանի, այլ այդ եզրակացությունը տված մյուս դերակատարների, այդ թվում՝ Արգամ Հովսեփյանի նկատմամբ, սակայն դատախազ Աննա Վարդապետյանին հետաքրքրում է միայն Չարչյանին մեղադրելը»,–գրում է «Ժողովուրդը»:
Նշենք, որ Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիություն զրկելու միջնորդագրում նշել էր, որ նա քրեական գործի վերաբերյալ ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես «Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
Հավելենք, որ Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ներկայացված մեղադրանքը Չարչյանը չի ընդունել` այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։