Առաքելությունն ավարտված է. հայ փրկարարները վերադարձան Թուրքիայից

Հայ փրկարարները վերադարձան Թուրքիայից
Հայկական թիմը, համագործակցելով այլ թիմերի հետ, փլատակներից դուրս է բերել 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտել է Թուրքիայի Հանրապետության Ադիյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները և այսօր վերադարձել Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար էր ուղարկել Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։
Փրկարարներին հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Փրկարարներին դիմավորել են Վահե Ղազարյանն ու Կամո Ցուցուլյանը
«Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը, համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս է բերել 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրել լայնածավալ որոնողական աշխատանքներ, այդ թվում` կինոլոգիական խմբերով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38 հազարի: