Կարող էր նույնիսկ վարչապետը գնալ, որովհետև դա էլ աննախադեպ չէր լինի. Թուրգութ Օզալի հուղարկավորությանը 1993 թվականին մասնակցած Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ Հայաստանի անխտիր բոլոր ղեկավարները եղել են Թուրքիայում՝ Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականին Ստամբուլ էր գնացել ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի առիթով, իսկ Սերժ Սարգսյանը տասը տարի անց Բուրսայում հետևել է Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլիստների խաղին։ Նախկին արտգործնախարարների բազմաթիվ այցերի մասին էլ չեմ խոսում։ Բայց այսօրվա ավելի քան աշխույժ քննարկումները վկայում են՝ իրավիճակն է փոխվել։
Նախկին բոլոր նախագահների օրոք Հայաստանը պահպանում էր հաղթողի կարգավիճակը։ Սա՝ մեկ։ Բայց ամենակարևորը՝ մոտ 15 տարի առաջ, երբ նախաձեռնվեց հայ-թուրքական մերձեցման Ցյուրիխյան գործընթացը, Հայաստանը շատ շահեկան վիճակում էր՝ ոչինչ չէր խնդրում Թուրքիայից, պարզապես առաջարկում էր՝ եկեք հաշտ ու խաղաղ ապրենք, հրաժարվողը Թուրքիան էր։ Հիմա գրեթե ամեն օր այնքան ենք լսում՝ թույլ ենք, տկար ենք, ոչ միայն Արցախի, այլև նույնիսկ Հայաստանի սահմանները չենք կարող պաշտպանել, որ «ոզնին էլ է հասկացել»՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը ամենից առաջ մեզ է անհրաժեշտ։ Եվ դա, ի դեպ, բոլորովին վատ չի՝ հո իզո՞ւր չեմ անընդհատ կրկնում՝ եկեք անկեղծ լինենք։
Թույլ տվեք այս օրերին շրջանառվող մի քանի թեզի էլ անդրադառնալ։ Որքան էլ ահավոր լինեն տարերային աղետները, դրանք նպաստում են պետությունների հարաբերությունների կարգավորմանը, որովհետև դժբախտությունը միշտ էլ մերձեցնում է մարդկանց։
Որպես այդ, այսպես կոչված, «աղետների դիվանագիտության» դասական օրինակ բերվում է Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների պատմությունը։ Այդ երկրներն իրոք առնվազն երեք անգամ պատերազմել են, բայց 2001 թվականին Հնդկաստանում և 2005 թվականին Պակիստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո երկու երկրները անմիջապես օգնության ձեռք մեկնեցին միմյանց։ Ու թեև լարվածությունը չվերացավ, բայց լայնածավալ ռազմական գործողություններ այլևս չեղան։ Կարելի է, իհարկե, ընդունել, որ պարզ մարդկային կարեկցանքը և ապրումակցումը դրական դեր են խաղացել, բայց ախր մասնագետներն են փաստում՝ նոր պատերազմները կանխվեցին հիմնականում այն պատճառով, որ երկու երկրներն էլ միջուկային զենք մշակեցին։ Իսկ ո՞վ չգիտի, որ ատոմային ռումբը շատ հզոր զսպող գործոն է։
Նաև էսպիսի փաստարկ է բերվում՝ եթե Թուրքիայի հետ շատ վատ հարաբերություններ ունեցող Հունաստանի արտգործնախարարն է գնացել Ադանա, ինչո՞ւ մեր արտգործնախարարը չպիտի մեկներ Թուրքիա։ Միանգամից ասեմ՝ անձամբ ես բոլորովին չեմ կիսում այն մարդկանց տեսակետը, որոնք միանշանակ դատապարտում են մեր պաշտոնյայի թուրքական այցը։ Պարզապես ձեռնպահ կմնայի երկու երկրների արտգործնախարարների այցերի միջև զուգահեռներ անցկացնելուց։ Ախր, տարբերությունն ակնհայտ է։ Հունաստանն այժմ ավելի ու ավելի մեծ համակրանքի է արժանանում Արևմուտքում։ Որքան էլ զարմանալի թվա, դրան մեծապես նպաստում է Թուրքիայի անկառավարելի կեցվածքը։ Վաշինգտոնին ցուցադրաբար արհամարհում է, եվրոպական երկու երկրներին էլ համառորեն թույլ չի տալիս, որ մտնեն ՆԱՏՕ։ Եվ հասկանալի է, որ այս ամենը բոլորովին դուր չի գալիս ո′չ ամերիկացիներին, ո′չ էլ եվրոպացիներին։ Այլ է վերաբերմունքը Հունաստանի նկատմամբ։
Ամերիկացի հրապարակախոս Թոմ Էլիսը փաստում է. «Հունաստանն այժմ ընկալվում է որպես շատ կարևոր դաշնակից խոցելի աշխարհաքաղաքական տարածաշրջանի առաջնագծում։ Մի երկիր, ուր ԱՄՆ-ը որոշել է ուղղել իր ռազմավարական ներդրումները։ Իսկ դա առաջին հերթին ենթադրում է շարունակաբար աճող ու արագ զարգացող ռազմական համագործակցություն»։ Ավելացնեմ, որ Թոմ Էլիսն իր հոդվածը վերնագրել է այսպես՝ «Հունական հարսանիք, թուրքական ամուսնալուծություն»։ Բոլոր դեպքերում, հենց այսպիսի բարելավվող կարգավիճակ ունի այն պետությունը, որի արտգործնախարարը գնացել է Թուրքիա։ Խոսքը Հունաստանի մասին է։
Ճիշտն ասած, լրիվ հասկանում եմ այն քաղաքական գործիչներին և վերլուծաբաններին, որոնք ջանում են համոզել բոլորին, թե մեր արտգործնախարարի այցը շատ արդյունավետ էր։ Բոլորս էլ գոնե ինչ-որ լավ լուրի ակնկալիք ունենք, իսկ ով կարող է հերքել, որ հարևանի հետ հարաբերությունները բնականոն դարձնելը բարի լուր չէ։ Բայց երբ կարդում ես՝ «դե ֆակտո կարող ենք համարել, որ հայ-թուրքական սահմանը բացվեց», ակամա ուզում ես հարցնել հեղինակին. «Միշտ երազել եմ տեսնել Անին, վաղն առավոտյան արդեն կարո՞ղ եմ ցամաքով ուղիղ մտնել Թուրքիա»։