ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի Baltops-2022 զորավարժություններին, որոնք անցկացվել են անցյալ ամառ Բալթիկ ծովի դանիական Բորնհոլմ կղզու շրջանում, խորջրյա սարքավորումներով ամերիկացի ջրասույզներ են մասնակցել։ Տեղեկությունը նշված է ամերիկացի լրագրող Ջոն Դուգանի ստացած անանուն նամակում:
Նամակի տեքստը նա տրամադրել է ՌԻԱ Նովոստիին։ Դուգանի խոսքով՝ ինքը բոլոր հիմքերն ունի անանուն աղբյուրին վստահելու համար, քանի որ վերջինս ապացույցներ է ներկայացրել՝ զորավարժությունների լուսանկարներ ու փաստաթղթեր, սակայն խնդրել է չտարածել դրանք՝ վախենալով բացահայտել իր ինքնությունը։ Նամակն ուղարկվել է մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային փոստարկղից հոկտեմբերի 2-ին։ Դուգանը փորձել է կապ հաստատել հեղինակի հետ, բայց ապարդյուն:
«Ես լիովին վստահում եմ նամակին։ Այն պարունակում է մանրամասներ, որոնք կարող էր տրամադրել միայն այն մարդը, որը քաջատեղյակ էր Baltops-2022 զորավարժությունների և խորը ծովային սարքավորումների մասին: Ամեն ինչ կոռեկտ էր», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է լրագրողը։
Նամակի հեղինակը պնդում է, որ անցյալ տարվա հունիսին մասնակցել է Baltops զորավարժություններին։ Նրա խոսքով՝ հունիսի 15-ին ուղղաթիռը մի խումբ քաղաքացիական հագուստով ամերիկացիների է բերել։
«Իմ առաջին միտքն այն էր, որ նրանք նման էին ահաբեկիչների խմբի», — նշված է նամակում։
Հեղինակը պարզաբանում է, որ իրեն տարօրինակ են թվացել նրանց սանրվածքները, բեղերն ու մորուքները, ինչպես նաև անվանական ժետոնների բացակայությունը։
Ջրասուզակներին դիմավորել են ԱՄՆ ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի փոխծովակալը և քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ։ Նամակի հեղինակն ուղղաթիռի աղմուկի պատճառով չի լսել նրանց զրույցը։
Ականատեսը պնդում է, որ ամերիկացիների մոտ նկատել է MK-29 ռեբրիզերներ, որոնցում թթվածին-հելիում խառնուրդ է օգտագործվում խորը սուզվելու համար։ Բացի այդ, նրանք ունեին նաև այլ բարձր պրոֆեսիոնալ և թանկարժեք սարքավորումներ, որոնք չեն օգտագործվում սովորական ռազմածովային ստորաբաժանումների կողմից։ Բացի այդ, նրանք փոքր արկղեր էին բերել։
Ջրասուզակներն իրենք ասում էին, որ մասնակցելու են ականազերծման վարժանքներին. նրանք պետք է ռետինե նավակով նավարկեին ինչ-որ տարածքում, գտնեին և վնասազերծեին հականավային ականները։ Սակայն դրա համար սարքավորումներ չունեին։ Նամակի հեղինակը պնդում է, որ փոխծովակալի հետ զրույցից հետո ժամանածները զորավարժությունների շրջան չեն գնացել և բավական երկար են բացակայել։
«Նրանք նավակը թողեցին և իրենց ռեբրիզերներով ավելի քան վեց ժամ անհետացան ջրի տակ։ Գոյություն չունի այնպիսի ինքնավար հանդերձանք, որը թույլ կտա ջրասույզին վեց ժամ ջրի տակ մնալ: Նորագույն ռազմական համակարգերով՝ առավելագույնը երեք-չորս ժամ կարելի է ջրի տակ մնալ», - նշվում է նամակում։
Հեղինակի խոսքով՝ ամերիկացի զինվորականները վերադարձել են առանց արկղերի, հետո ուղղաթիռով հեռացել են։
Հիշեցնենք` 2022 թ. սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տեղեկությունների համաձայն`գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք–1»–ում և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք–2»–ում՝ Բորնհոլմ կղզու շրջանում։