Ֆրանսիացի և գերմանացի իրավապահների՝ որպես դիտորդների Հայաստան ժամանումը կապված է ինչպես առաքելության բնույթի, այնպես էլ Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում տեղ գրավելու` Եվրամիության երկարաժամկետ մտադրությունների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի զրույցում ասաց քաղաքագետ, անվտանգության փորձագետ Դավիթ Հարությունովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում ընդգրկվելու է Գերմանիայից ժամանած 15 ոստիկան, իսկ մինչ այդ հաղորդվում էր 8 ֆրանսիացի ժանդարմի մասին։ Առաքելությունն ընդհանուր առմամբ կունենա 100 հոգի, իսկ թե ԵՄ այլ երկրների քանի ուժային աշխատակիցներ կմասնակցեն առաքելությանը, դեռ հայտնի չէ։
Ըստ Հարությունովի` ֆորմալ առումով առաքելությունը քաղաքացիական է, սակայն այն լուծելու է ռազմական ոլորտին առնչվող խնդիրներ՝ շփման գծի կամ սահմանի մշտադիտարկում, հրետակոծության արձանագրում, իրավիճակի գնահատում. այս ամենը դժվար կլիներ առանց գոնե ռազմական տարրական գիտելիքների կամ փորձի։
«Հնարավոր են նաև այլ տարբերակներ, քանի որ մենք չգիտենք եվրոպացիների ապագա ծրագրերի մասին, թե ինչ կարող է լինել այս առաքելությունից հետո։ Առաջին առաքելությունը բավականին փոքրաթիվ էր, բայց հետո դիտորդների թիվը զգալիորեն ավելացավ։ Չեմ բացառում, որ հետագայում ներկայությունը կարող է ընդլայնվել, ուժային բաղադրիչն էլ ավելի ակնհայտ դառնալ։ Այս տեսանկյունից ներկայիս առաքելությունը կարող է դառնալ «նախերգանք», ճանապարհ հարթել ԵՄ-ի հետագա, ավելի մեծ ներգրավման համար մեր տարածաշրջանում՝ շեշտը դնելով ուժային բաղադրիչի վրա»,- ասում է քաղաքագետը։
Արդյոք ԵՄ-ն պատրաստ է ավելի լայն ներկայության տարածաշրջանում՝ ցույց կտա ժամանակը, և այս առումով երկու տարի հետո շատ բան կախված կլինի տարածաշրջանային հավասարակշռությունից, այսինքն` նոր առաքելության ժամկետի ավարտից հետո առկա իրավիճակից։ Ամեն դեպքում, Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունն այժմ զգալի է՝ հաշվի առնելով էներգետիկ ռեսուրսների խնդիրը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու հենց հիմա որոշվեց իրավապահներ ուղարկել, ապա, ըստ փորձագետի, պետք է հաշվի առնել Ռուսաստանի ու Ադրբեջանի գործոնը, իսկ իրավիճակն ինքնին բավականին նոր է, ԵՄ-ին անծանոթ։ Մինչև վերջերս «լռելյայն» ենթադրվում էր, որ տարածաշրջանում իշխանության և ռազմական հարցերը Ռուսաստանի իրավասությունն են, իսկ ԵՄ-ն ավելի շատ ներգրավված էր տնտեսական, սոցիալ-քաղաքական նախագծերի իրականացման մեջ։
Այժմ եվրոպացիները որոշակիորեն մարտահրավեր են նետում Ռուսաստանին, սակայն կտրուկ գործողություններ չեն ցանկանում անել, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի իրավապահ մարմիններին ավելի զգուշորեն ներգրավեն դիտորդական առաքելության մեջ։ Հարությունովն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ԵՄ-ի սահմաններից դուրս ռազմական տեղակայման հնարավորությունները բավականին սահմանափակ են։ Իհարկե, նրանք աշխատում են այդ հնարավորությունների զարգացման վրա, բայց այդ ամենը դեռ սաղմնային փուլում է։
Հարությունովի տեսանկյունից` ԵՄ-ի ներկայությունը Հայաստանում կարող է երկար ժամանակ լինել «հիբրիդային»՝ համատեղելով քաղաքացիական և անվտանգության տարրերը, սակայն ռազմաքաղաքական ներկայության ավելացման միտումները միանշանակ ակնհայտ են։
Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ եվրոպական առաքելությունների աշխատանքի արդյունավետությունն ու ալգորիթմը այս առաքելությունների պրոբլեմներից ու թույլ կողմերից են։ Պարզ չէ, թե ինչպես են նրանք խախտումներ արձանագրում, ինչ քայլեր պետք է հետևեն, ինչպես է խախտում թույլ տված կողմը ենթարկվում պատասխանատվության։ Այս բոլոր հարցերի շուրջ հստակություն չկա, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում նման դիտորդական խմբերի օգտակարության վերաբերյալ։
«Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին պարզ կդառնա, թե որքան լավ է աշխատում առաքելությունը։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ գարնանը ադրբեջանական զինուժն ակտիվանում է շփման գծում, ավելի ու ավելի շատ են սադրանքներն ու հրետակոծությունները լինում։ Հենց այդ ժամանակ էլ կտեսնենք՝ ԵՄ-ն իրական ազդեցություն կունենա՞ իրավիճակի վրա, թե՞ ոչ»,- հավելեց Հարությունովը։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը ԵՄ խորհուրդն ընդունել է այս տարվա հունվարի 23-ին։ Բրյուսելի պաշտոնյաների խոսքով` երկամյա առաքելությունը կոչված է նպաստելու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը և պետք է պայմաններ ապահովի Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Այն կսկսի աշխատանքը փետրվարի 20-ից։