Ամանորին մոտ 580 հարկ վճարող գրանցել է 18 մլրդ դրամի շրջանառություն. ՊԵԿ–ի մոնիթորինգը

Ամանոր. Արխիվային լուսանկար
ՊԵԿ–ից հայտնում են, որ մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ քչերն են փորձել Ամանորի եկամուտը ստվերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության ոլորտում Ամանորին իրականացրած մոնիթորինգի արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Երևանյան հայտնի խոշոր օբյեկտներում և մարզերի հյուրանոցներում ու հանգստյան տներում, որտեղ ամանորյա միջոցառումներ են անցկացվել, կոմիտեի տեսուչներն Այցեր են կատարել ու չափագրել ֆինանսական շարժը։
«Ամբողջ դեկտեմբերին 578 հարկ վճարողի մոտ հայտարարագրվել է 18 մլրդ դրամի շրջանառություն, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 9․3 մլրդ դրամով կամ 103 %-ով»,– ասել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը։
Ռեստորանների խոշոր գումարներ հայտարարագրելու մասով իր դերն է ունեցել սննդի թանկացումն ու «հերթի տակ աշխատելը»։ Նշվում է, որ մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ քչերն են փորձել Ամանորի եկամուտը ստվերել։
«Փոքր թվեր գրած 79 բիզնես, բացատրական աշխատանքից հետո, վերանայել և 91 մլն դրամով ճշգրտել է հաշվարկները։ Կան նաև հարկերը հավաքող տեսուչների հետ չհամաձայնած և իրենց հիմնավորումներն առաջ տանող ռեստորաններ, որոնց գործերն այս պահին ուսումնասիրվում են։ Տվյալ միջոցառման շրջանակում որևէ տնտեսվարող չի տուգանվել, սրանք կանխարգելիչ միջոցառումներ էին»,– նշել է Հակոբյանը։
ՊԵԿ–ից նաև հայտնել են, որ ռեստորանային բիզնեսը 7 օրվա ընթացքում 71.000 հատ ՀԴՄ է տպել, ինչը 16.000 հատով կամ 30 %-ով գերազանցում է 2021 թվականի նույնատիպ տվյալները։