Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է բարձր մնալ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ-ում Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկի արարողության շրջանակում իր ելույթում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան 2 ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում»,-նշել է Արարատ Միրզոյանը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագիրը մնում է չպարզաբանված:
Արարատ Միրզոյանը հավելել է, որ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թ.–ի սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարը ծրագրի մեկնարկի արարողության շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: