15 րոպե է տևել, մինչև կրակը հասել է զինվորների սենյակ. հրդեհի գործով սպան ցուցմունք է տվել

Զինվորների այրված կացարանը
Փաստաբանն ասում է` Եղիշե Հակոբյանը շատ զարմացած է, որ հրդեհի ժամանակ տղաները չեն կարողացել դուրս գալ ննջասենյակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երեկ Այրվածքաբանության կենտրոնում հարցաքննվել և ցուցմունք է տվել հունվարի 19-ին ինժեներասակրավորական վաշտի զինվորների կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Հարցաքննությունը դեռ չի ավարտվել, բայց Եղիշեն, ըստ փաստաբանի, պատմել է դեպքի վերաբերյալ իրեն հայտնի բոլոր հանգամանքները։
«Խնդիրն այն է, որ 2 օր առաջ Եղիշեն անզգայացմամբ վիրահատվել էր` ոտքից մաշկը հանել և պատվաստել էին ձեռքերի վրա։ Այնպես չէ, որ նա առողջական փայլուն վիճակում էր, պարզապես արդեն ի վիճակի էր խոսել և սկսեց ցուցմունք տալ։ Ընթացքում հոգնեց, ինքնազգացողությունն էլ վատացավ, պարբերաբար դեղեր էր ընդունում»,–ասաց փաստաբանը` մանրամասնելով, թե ինչու է կիսատ մնացել հարցաքննությունը։
Բացի այդ, լրացել էր հարցաքննության 4 ժամը, և քննիչն իրավունք չուներ շարունակել այն։
Հարցին, թե Հակոբյանի տված ցուցմունքը կփոխի՞ գործի ընթացքը` փաստաբանը պատասխանեց, որ նախ պետք է ունենա գործի ամբողջական տվյալները։ Սարգսյանի խոսքով` Հակոբյանի ցուցմունքից ակնհայտ էր, որ զինվորական կարգուկանոնը պահպանված չի եղել, անվտանգային ոչ մի համակարգ չի աշխատել։ Եղիշե Հակոբյանը ներկայացրել է մանրամասներ, որոնք առնչվում էին զինծառայության պայմաններին։
Փաստաբանը հայտնեց նաև, որ Հակոբյանը կացարանում է գտնվել զինծառայող ընկերների խնդրանքով, չնայած չպետք է այնտեղ լիներ։ Եղիշեն փորձել է վառարանը վառել և հրդեհ է բռնկվել, սակայն ինչքանով սա կապ ունի զինվորների մահվան հետ` իր համար էլ է անհասկանալի։
Հրդեհված կացարանն օդի՞ց է կախված. դատախազության նշած հասցեում անշարժ գույք գրանցված չէ
«Եղիշեն ասում է, որ առաջինն ինքն է վառվել` դեմքը գրեթե 100 տոկոսով այրվել է, և զարմանալի է, որ իր հանած անմարդկային ձայներից ոչ ոք չի արթնացել։ Բացի այդ, Եղիշեն ասել է, որ մեկ այլ զինծառայող է մտել ննջարան և գոռացել, որ դուրս գան, բայց ոչ ոք դուրս չի եկել։ Առավել ևս, ըստ Եղիշեի, 15-20 րոպե ժամանակ է եղել մինչև կրակը հասել է զինվորների ննջարան։ Նա շատ զարմացած է, ասում է` ո՞նց դուրս չեկան»,–պատմում է փաստաբանը։
Նա հավելեց, որ Եղիշեի համար տարակուսելի է նաև հանգամանքը, որ ննջասենյակի վերջում գտնվող 2 զինվորները դուրս են եկել այնտեղից, իսկ մյուսները` ոչ։
Ի դեպ, Եղիշե Հակոբյանի հարցաքննությունն այսօր չի շարունակվի, չնայած քննիչին հայտնել են, որ պատրաստակամ են որքան հնարավոր է շուտ ցուցմունքն ավարտել։
Ավելի վաղ Հովսեփ Սարգսյանը հայտնել էր` Եղիշեն հրաժարվել է նախկինում ցուցմունք տալ, քանի որ ի վիճակի չի եղել` առողջական վիճակը չի ներել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու դեպքով։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։