Թուրքիայի աղետի գոտում ավելի քան 50 հազար շենք պետք է շտապ քանդվի

Թուրքիայի երկրաշարժի հետևանքները
Թուրքիայի իշխանությունը շարունակում է երկրաշարժի հետևանքով պետությանը պատճառված վնասի գնահատման աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունը երկրաշարժի գոտում հայտնաբերել է ավելի քան 50,5 հազար շենք, որոնք պետք է շտապ քանդել։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի շրջակա միջավայրի, ուրբանիզացիայի և կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Կուրումը:
«Երկրաշարժի գոտում շարունակվում են վնասի գնահատման աշխատանքները, որոնց 7100 մարդ է ներգրավված։ Ստուգվել է 387 346 շենք։ Մեր տվյալներով՝ այսօրվա դրությամբ կա 50 576 շենք, որոնք պետք է շտապ քանդել», - TRT Haber-ի փոխանցմամբ՝ ասել է Կուրումը։
Նա ավելացրել է, որ 279 655 շենք աննշան է վնասվել կամ ընդհանրապես չի վնասվել։
«Մենք ապամոնտաժելու ենք այն տները, որոնք շտապ պետք է քանդվեն, և նոր տներ ենք կառուցելու», - վստահեցրել է նախարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի: