ՀՀ մշակույթի օրերի ծրագիրը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարբեր մարզերում. Հարությունյան

Յարոսլավլում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի մշակույթի օրերի ծրագիրը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարբեր մարզերում։ ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի հետ հանդիպման ժամանակ Յարոսլավլում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, տեղեկանում ենք ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունից։
«Մենք որոշել ենք Հայաստանի մշակույթի օրերի ծրագրի մեկնարկը տալ Յարոսլավլում՝ Ռուսաստանի պատմական քաղաքների «Ոսկե օղակի» երթուղու սրտում։ Կարևոր ենք համարում ակտիվացնել մեր հարաբերությունները բոլոր առանցքային ուղղություններով՝ բարձրացնելով դրանք նոր մակարդակի»,–ասել է Հարությունյանը։
Իր հերթին Եվրաևն ընդգծել է մշակութային կապերի զարգացման կարևորությունն ու անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերին։
ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը
«Յարոսլավլի մարզի համար մեծ պատիվ է այս մշակութային ծրագրի իրականացումը։ Մենք Հայաստանի հետ համագործակցության վաղեմի ավանդույթներ ունենք։ 2008թ․-ին ստորագրվել է Յարոսլավլի և ՀՀ Արմավիրի մարզի միջև համաձայնագիր առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին»,–ասել է Եվրաևը։
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, տրանսպորտային և կրթական ոլորտների համագործակցությանը։ Կողմերն ընդգծել են նաև տեղի հայ համայնքի գործունեության կարևորությունը։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Յարոսլավլում
Նշենք, որ Հարությունյանն այսօր կմասնակցի «Յարոսլավլի մարզում Հայաստանի մշակույթի օրերի» բացման հանդիսավոր արարողությանը։