Երկրաշարժը` հարաբերությունների ջերմացման խթան. ինչի կհանգեցնի Հայաստանի և Թուրքիայի շփումը

Հայ և թուրք պաշտոնյաները կառուցողականության և բարյացակամության գրեթե աննախադեպ մակարդակ են ցուցադրում։ Թե որքան կխորանա ներկայիս «հալոցքը», այս պահին ամենաարդիական հարցն է։
Sputnik
Հայ–թուրքական դիվանագիտական փոխհարաբերություններում հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում, որոնց համար փաստորեն խթան հանդիսացավ երկրաշարժն ու օգնության ձեռք մեկնելու` Երևանի որոշումը։ Շաբաթվա ընթացքում Հայաստանը փրկարարների խումբ, ինչպես նաև երկու անգամ մարդասիրական բեռով բեռնատարներ ուղարկեց։ Բեռնատարները 30 տարվա ընթացքում առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը` անցնելով Մարգարայի կամրջով։ Փետրվարի15-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա։ Այցը մեկնարկեց Անկարայից, որտեղ նա բանակցություններ ունեցավ թուրք գործընկերոջ հետ։ Այնուհետև գերատեսչության ղեկավարը մեկնեց Ադիյաման և հանդիպեց որոնողափրկարարական գործողություններին մասնակցող հայկական ջոկատի հետ։
Շուրջ մեկ տարվա ընթացքում սա ՀՀ արտգործնախարարի արդեն երկրորդ այցն էր Թուրքիա` 2022 թվականի մարտին նա Անթալիայում դիվանագիտական համաժողովի էր մասնակցում։
Այցն ու հանդիպումները ուղեկցվում են փոխադարձ խրախուսական հայտարարություններով և երախտիքի խոսքերով։
Որքա՞ն կտևի ներկայիս պայմանական ջերմացումը, որքանո՞վ կփոխվի Թուրքիայի քաղաքականությունը, և կդադարի՞ արդյոք այն էքզիստենցիալ վտանգ ներկայացնել Հայաստանի համար։ Այս բոլոր հարցերն այսօր արդիական են դարձել առավել, քան երբևէ...
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը բավականին թերահավատորեն է տրամադրված Թուրքիայի ռազմավարության փոփոխման հարցին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Անկարայի քաղաքական ուղղվածությունը, որն այն որդեգրել է նախորդ դարի 90-ականների սկզբից, այսինքն Հայաստանի անկախության հռչակման պահից ի վեր, ընդհանուր առմամբ անփոփոխ է։ Այդ քաղաքականության էությունը հայկական պետության վրա մշտական ճնշում գործադրելն է` օգտվելով նրա խոցելի և անհարմար աշխարհագրական դիրքից, ստիպելով տարատեսակ զիջումների գնալ։ Իմիջիայլոց, Հայաստանի հետ սահմանը հենց այդ պատճառով էր կողպված բոլոր այս տարիների ընթացքում։ Եվ Հայաստանի կողմից որևէ մարդասիրական քայլ ի զորու չէ մեկ ակնթարթում փոխել Թուրքիայի ռազմավարությունը, իսկ փակ սահմանն այդ ռազմավարության անբաժան մասն է։
Անկասկած աղետի հետևանքները Թուքիայի ղեկավարությանը ստիպում են համենայնդեպս մարտավարական մակարդակում վերանայել վերաբերմունքը հարևանների նկատմամբ` Հայաստանի, Հունաստանի, ԱՄԷ–ի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի։ Այս մասին են վկայում հայ դիվանագետների հասցեին սոցցանցերում հնչեցրած երախտիքի խոսքերը, Հունաստանի արտգործնախարարի այցը Թուրքիա ու ջերմ հանդիպումը թուրք գործընկերոջ հետ, Էրդողանի բանակցությունները Իրաքյան Քրդստանի առաջնորդի հետ։ Սակայն այդ ամենն իր բացատրությունն ունի։ Սաֆրաստյանի կարծիքով` հսկայական տնտեսական վնասը և անխուսափելի ներքին խնդիրները Թուրքիայի իշխանությանը ստիպում են «երկնքից ցած իջնել» և զսպել աշխարհառազմավարական ախորժակը։
«Անկարայի ամբիցիաները վերջին տարիներին անհավանականորեն աճել են, բայց նրա ակտիվությունն ակնհայտորեն չէր համապատասխանում իր օբյեկտիվ հնարավորություններին և ռեսուրսներին։ Թուրքիան իր գլխից վերև էր թռչում։ Հիմա, կարծում եմ, այն մի քիչ կհանդարտվի, ստիպված կլինի զբաղվել սեփական ներքին խնդիրներով, որոնք բավականին շատացել են», – համոզված է Սաֆրաստյանը։
Սակայն ռազմավարական առումով` բոլոր այս արտաքին քաղաքական խնդիրներն ու զավթողական տրամադրությունները կպահպանվեն։
Միևնույն ժամանակ, արևելագետը ճիշտ մարդասիրական ժեստ է համարում Հայաստանի կողմից Թուրքիային օգնություն ուղարկելը, քանի որ դա բնորոշ է քաղաքակիրթ և քրիստոնյա հասարակությանը։ Իսկ թե արդյոք պաշտոնական Երևանն այլ դրդապատճառներ ունի և այլ հաշվարկներ է անում, այդ հարցին Սաֆրաստյանը դժվարանում է պատասխանել։ Ամեն դեպքում նա համոզված է` մարդասիրական գործողությունները Թուրքիայի աշխարհառազմավարական ծրագրերը չեն փոխի։
Խոսելով Հայաստանի ղեկավարության արած քայլի վերաբերյալ արևմտյան քաղաքական գործիչների դրական արձագանքի, նրանց աջակցող հռետորաբանության մասին` Սաֆրաստյանը հայտարարեց, որ այդ արձագանքը նրանց կողմից ակտիվ դիվանագիտական միջամտության նշան չի համարում։
Ավելի վաղ USAID–ի ղեկավար Սամանտա Փաուերը Twitter–ի իր էջում գրել էր` տպավորված է, որ Հայաստանը Թուրքիային մարդասիրական օգնություն է ուղարկել։
Սոցցանցերի իր էջում նմանատիպ գրառում էր արել նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Այլ հարց է, որ հավաքական Արևմուտքը Հայաստանի և Թուրքիայի բանակցությունները դիտարկում է որպես Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու կամ նրա ներկայությունը թուլացնելու գործիք։
Ռուսաստանցի արևելագետ, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին–Ռաևսկին կարծում է, որ Երևանն օգնություն ուղարկելով` ապացուցեց համամարդկային արժեքներին իր հավատարիմ լինելը` անկախ պատմական հակամարտությունից, տարաձայնություններից և դիմակայությունից։ Եվ կարևոր է, որ թուրքական կողմը Հայաստանի ղեկավարության այդ քայլը երախտագիտությամբ է նշել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ այդ ամենը թույլ է տալիս հուսալ, որ երկու երկրների հարաբերությունները կբարելավվեն, սակայն քաղաքական և պատմական զգալի հարցեր են մնում։
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ «Հայաստանը խելքի կգա»
Նախևառաջ խոսքը Հայաստանի կողմից զիջումներին է վերաբերում, որոնք շարունակում է պահանջել թուրք–ադրբեջանական միությունը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվել ո՛չ ՀՀ տարածքով էքստերիտորիալ միջանցքի գաղափարից, ո՛չ էլ ՀՀ–ի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներից։ Թուրքիան էլ մինչ օրս Երևանի հետ երկխոսությունը կախվածության մեջ էր դնում հայ–ադրբեջանական գործընթացից։ Նադեին–Ռաևսկին կասկածում է, որ անկախ նույնիսկ հարաբերությունների գրեթե աննախադեպ ջերմացումից, Հայաստանի ղեկավարությունը կկարողանա հայ–թուրքական բանակցությունները «պոկել» հայ–ադրբեջանականից։
Փորձագետը հիշեցնում է, որ ժամանակին հենց ադրբեջանական գործոնով պայմանավորվեց այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումը։ Շատերն են հիշում այն արձագանքը, որը Թուրքիան ստացավ Ադրբեջանի կողմից, իսկ Բաքվում էլ այրվում էին թուրքական դրոշներ` ի նշան հայ–թուրքական երկխոսության դեմ բողոքի։
«Այստեղ այն դեպքն է, երբ ոչ թե շունն է շարժում պոչը, այլ հակառակը... Ամեն դեպքում` հարցը Ադրբեջանի դիրքորոշմանն է հասնելու։ Չգիտեմ` կկարողանա՞ն թուրքերն այնպես շրջել իրավիճակը, որ հարաբերությունների կարգավորումը կախված չլինի Բաքվի կողմից դրվող տարատեսակ պահանջներից», – հավելեց ռուս փորձագետը։
Բարդագույն հանգույցներից մեկն է շարունակում մնալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը։ Անկասկած, բուն Հայաստանի որոշ շրջանակներում տարբեր պահանջներ են հնչում` կապված Անկարայի հետ երկխոսություն հաստատելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարից հրաժարվելու հետ։ Բայց նման մոտեցումը կնշանակեր հրաժարվել բոլոր սկզբունքներից, նորմերից և մոտեցումներից, որոնցով մինչ այժմ ղեկավարվում էր Հայաստանը։ Այդ մոտեցումը հղի է նաև սփյուռքի և պատմական հայրենիքի միջև պառակտմամբ և օտարացմամբ։
Նադեին–Ռաևսկին դժվարանում է կանխատեսել, թե ինչպիսի զարգացում կունենա հայկական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ քայլերն արված են և սպասել է պետք։