ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Արդեն գրեթե 2 ամիս Երևանի շուրջ 50 խաչմերուկում լուսացույցներն աշխատում են խափանումներով կամ ընդհանրապես չեն աշխատում։ Այս հարցով Sputnik Արմենիան դիմել է «Լոկատոր» ընկերություն, որը սպասարկում է մայրաքաղաքի լուսացույցների ցանցը։
Պարզվել է, որ ընկերության պայմանագիրն ավարտվել է դեկտեմբերի 25-ին, սակայն, որպեսզի այս կենսական նշանակության ենթակառուցվածքի աշխատանքը չընդհատվի, ընկերությունը շարունակել է սպասարկումը մինչև հունվարի 9-ը․ այդ օրը հրապարակվել էր 2023-ի պայմանագրի մրցույթի հրավերը։
Ընկերությունը պետական և համայնքային տենդերների կայքում չի կարողացել տեղադրել իր մրցութային հայտը, քանի որ այդ կայքը չէր աշխատում։ Բայց և այնպես, «One click» անունով մեկ այլ ընկերություն կարողացել է տեղադրել իր հայտը։ Դրանից հետո «Լոկատորը» կորցրել է վստահությունը մրցույթի նկատմամբ և դադարեցրել է սպասարկումը։
Փետրվարի 6-ին կրկին հայտարարված մրցույթը կայացավ, և այն նվազագույն առավելությամբ հաղթել է «One click»-ը, որի մասին որևէ տեղեկություն համացանցում չկա։
Այսպիսով, թեև մրցույթն ավարտվել է դեկտեմբերի 25-ին, քաղաքապետարանը նոր մրցութ էր հայտարարել միայն երկու շաբաթ անց՝ հունվարի 9-ին։ Գումարելով բուն մրցույթի տևողությունը (ևս երկու շաբաթ)՝ ստացվում է, որ քաղաքապետարանն ի սկզբանե թույլատրելի էր համարել 1 ամսով խաչմերուկները թողնել առանց կարգավորման։
Պարզաբանումների համար Sputnik Արմենիան դիմել է նաև Երևանի քաղաքապետարան, որտեղ մեզ ասել են, որ Երևանի լուսազդանշանների սպասարկման համար մրցույթ հայտարարվել է հունվարի 9-ին` համաձայն ՀՀ գնումների մասին օրենքի:
«Հունվարի 9-ին մրցույթը համարվել է չկայացած, քանի որ հայտարարված ընթացակարգի շրջանակներում ներկայացվել է մեկ գնման հայտ, որը տեխնիկական պատճառներով պայմանավորված՝ չի բացվել և հասանելի չեն եղել կցված փաստաթղթերը: Օրենքով սահմանված ժամկետներում մրցույթը հայտարարվել է 2-րդ անգամ, որի բացումը եղել է փետրվարի 6-ին, մասնակցել է 2 կազմակերպություն, և հաղթող ճանաչվել է այն կազմակերպությունը, որը ներկայացրել էր նվազագույն գինը»,– ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ քաղաքապետարանից տեղեկացրել են, որ լուսացույցների հետ կապված ընթացիկ սպասարկման խնդիրներն այս ընթացքում լուծվել են սեփական ռեսուրսների հաշվին:
Հարցին՝ արդյոք հաղթող ընկերությունն այդ ոլորտում փորձ ունի, նշել են` ընկերությունը Երևան քաղաքում նախկինում տեղադրել է «Հետիոտն կանչի» լուսացույցներ և ունի անհրաժեշտ սպասարկման փորձ: