ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցի երրորդ հարկում փետրվարի 15-ին «հրդեհ» է բռնկվել, շենքում գտնվող աշխատակիցներն ու աշակերտներն էլ տարհանվել են։ Այս ամենը հատուկ տակտիկական ուսումնավարժության սցենար է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ այդ նույն սցենարի կատարվել են հրդեհաշիջման աշխատանքներ։
Ուսումնական վարժանք՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցում
«Աշակերտների և աշխատակազմի տարահանումը կատարվել է մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ դպրոցական կազմավորումների ուժերով։ Պայմանական դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, որոնք անմիջապես սկսել են հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարահանման աշխատանքները: Հրշեջ-փրկարարներն ավտոսանդուղքի միջոցով դպրոցի 3-րդ հարկի ծխապատ տարածքից դուրս են բերել «3 տուժածի», որոնց դպրոցի բուժանձնակազմը տեղում ցուցաբերել է առաջին բժշկական օգնություն»,– ասված է հաղորդագրությունում։
Ուսումնական վարժանք՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցում
Ուսումնավարժության ընթացքում պարզ է դարձել, որ դպրոցական կազմավորումները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարվելականոններին:
Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մասնագետները մատնանշել են վարժանքի ընթացքում ի հայտ եկած թերությունները, տվել համապատասխան ցուցումներ և խորհուրդներ:
Ընդհանուր առմամբ մասնագետները դրական են գնահատել արդյունքները: