Էրդողանը փակ հանդիպում է անցկացրել Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ. ԶԼՄ

Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի առաջնորդներն ավելի վաղ հայտարարել էին մի շարք ուղղություններով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրաքի քրդական տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Նեչիրվան Բարզանիին։ Հանդիպումը կայացել է Անկարայում՝ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման թուրքական վարչության (AFAD) կենտրոնակայանում: Բանակցություններն անցել են փակ դռների հետևում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Թե ինչ են քննարկել Էրդողանն ու Բարզանին, հայտնի չէ։
Ավելի վաղ Էրդողանը և Բարզանին հայտարարել էին առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին:
Հունվարին Էրդողանը Իրաքի նոր վարչապետ Մուհամմեդ աս Սուդանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) ներկայությունը արաբական երկրում և մի շարք տարածաշրջանային խնդիրներ: Էրդողանի գրասենյակի հաղորդմամբ՝ նախագահն ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը, կայունությանն ու խաղաղությանը և հույս ունի ամրապնդել համագործակցությունը: