Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» գործակալությունը։
ՀՀ արտգործնախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նշենք, որ Անկարայում տեղի է ունենալու Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։
ՀՀ արտգործնախարարը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում հանդիպելու է նաև որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Նշենք, որ Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։