Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը

Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշողլուն. արխիվային լուսանկար
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» գործակալությունը։
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարություններով:
Այնուհետև Միրզոյանը կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։