Պուտինն Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Աստանայում. Արխիվային լուսանկար
Վերահաստատվել է եռակողմ համաձայնագրի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Դիտարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է հայ–ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։
«Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մանրամասն քննարկվել են 2 երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։
Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձևաչափերով։