ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շուրջ 400 մլն դոլար հավաքել Սիրիայի համար

Անտոնիո Գուտերեշ
Գուտերեշն ասել է, որ ՄԱԿ-ը նմանատիպ կոչ է պատրաստում նաև Թուրքիայի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել 397 մլն դոլար հավաքել Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար:
«Այսօր հայտարարում եմ, որ ՄԱԿ-ը մարդասիրական օգնության կոչ է անում» –ասել է Գուտերեշը լրագրողներին:
Նրա խոսքով՝ գումարը երեք ամսվա համար է հաշվարկված։
Գուտերեշն ավելացրել է, որ ՄԱԿ-ը նմանատիպ կոչ է պատրաստում նաև Թուրքիայի համար։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ երկրաշարժերից անմիջապես հետո ՄԱԿ-ը Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի միջոցով 50 մլն դոլար է տրամադրել Սիրիային և Թուրքիային օգնություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին հայտարարեց, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։