ՀՀ–ն կարող է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի մաս կազմել. Հունգբոյի առաջարկը

Նարեկ Մկրտչյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենին ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանը կարող է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի մաս կազմել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին նման առաջարկ է արել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոն, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նրանց հանդիպումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում։
«Հանդիպմանը քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման ինստիտուտի և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր ներդրմանն առնչվող մի շարք խնդիրների»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարար Մկրտչյանի խոսքով՝ կազմակերպության հետ փոխգործակցությունը նպաստում է աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, սոցիալական գործընկերների համագործակցության ամրապնդմանը։
Ժիլբեր Հունգբոն էլ վերահաստատել է պատրաստակամությունը՝ ներդնելու ոլորտային համագործակցությանն ուղղված անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր։
«Դուբայ» ապահովագրական ընկերությունը ՀՀ կգա՞. Մկրտչյանը հանդիպել է տնօրենի հետ
Զրուցակիցները քննարկել են նաև տարեվերջին Հայաստանում ԱՄԿ տնօրենի մասնակցությամբ ոլորտային համաժողով անցկացնելու հնարավորությունը։
Զրույցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը Ժիլբեր Հունգբոյին ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ այս մասին նախարարն ավելի վաղ ԱՄԿ գործընկերոջը տեղեկացրել էր նաև պաշտոնական գրագրությամբ։