ՀՀ–ն ավելի քան 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

Մարդասիրական այս օգնությունը թվով երրորդն է, որն ուղարկվում է փետրվարի 6–ի ավերիչ երկրաշարժից հետո։
Sputnik
Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է Սիրիա ավելի քան 25 տոննա օգնության տեղափոխությունը։ Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մարդասիրական բեռում կա սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա։ ՀՀ կառավարությունը նաև 29 հոգուց բաղկացած հայ փրկարարների խումբ է ուղարկել Սիրիա։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։ Զոհերի թիվն անցնում է 8500-ը։