Հայաստանի մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը հասել է Հալեպ

Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը
Նույն օդանավով Սիրիայից Հայաստան է վերադարձել որոնողափրկարարական խումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը հասել է Հալեպի միջազգային օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասարը»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր ավելի քան 25 տոննա օգնություն է ուղարկվել Սիրիա։ Մարդասիրական բեռում կա սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ:
Ըստ «Գանձասարի»` օժանդակությունը հանձնվել է սիրիական «Կարմիր Մահիկ» կազմակերպությանը։
Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը
Ներկա է եղել նաև Հալեպում ՀՀ հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը։
Նույն օդանավով Հայաստան է վերադարձել որոնողափրկարարական խումբը։
Նշենք, որ ՀՀ–ն առաջին մարդասիրական օգնությունը (30 տոննա) ուղարկել էր փետրվարի 8-ին, իսկ նախորդ օրը` փետրվարի 7-ին, փրկարարական ջոկատ էր ուղարկել Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին հայտարարեց, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։