Չինաստանի ու Իրանի առաջնորդները խոսել են փոխադարձ աջակցության մասին

Սի Ծինպինն ու Էբրահիմ Ռայիսին
Իրանի նախագահը պետական այցով գտնվում է Չինաստանում։ Պեկինում նա բանակցել է Չինաստանի նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել են, որ դեմ են արտաքին միջամտությանը և միակողմանի գործողությունների քաղաքականությանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին։
«Չինաստանն Իրանին աջակցում է պետական ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ազգային արժանապատվության պաշտպանության հարցում, աջակցում է միակողմանի գործողությունների և ահաբեկման քաղաքականությանը դիմակայելու հարցում, հանդես է գալիս Իրանի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտության և Իրանի անվտանգության ու կայունության խաթարման դեմ», - ասել է Ծինփինը:
Ռայիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել Չինաստանի իշխանությանը կորոնավիրուսային վարակի համաճարակի դեմ պայքարում արժեքավոր օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև արդարությունը պաշտպանելու համար այնպիսի հարցերում, ինչպիսիք են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունները:
«Ե՛վ Իրանը, և՛ Չինաստանը վճռականորեն դեմ են միակողմանի գործողությունների, գերիշխանության և հալածանքների քաղաքականությանը, ինչպես նաև վճռականորեն դեմ են, որ արտաքին ուժերը միջամտեն ներքին գործերին։ Իրանը աջակցում է Չինաստանին պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում», - ասել է Իրանի նախագահը։
Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պետական այցով գտնվում է Չինաստանում։ Այցը կտևի մինչև փետրվարի 16-ը: