ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Խաչակիրներ» ջոկատի կամավորներն այս պահին կառավարության առջև բողոքի ակցիա են անում` նրանք հայտնում են, որ աշխատավարձերն իջեցրել են, եղածն էլ չեն վճարում։ Նշում են, որ մասնակցել են 44-օրյա պատերազմին, սակայն փաստաթուղթ չեն տալիս այդ մասին։
«Հոգեբանորեն ճնշում են մեր զորքին։ Կամավորների գրեթե 80 տոկոսը տուն չունեն, և հիմա էլ աշխատավարձ չեն ստանում, որ վարձը տան։ Այսինքն` մարդը դիրքերում կանգնած է լինում և լսում, որ երեխեքին տնից հանել են։ Մենք եղել ենք պաշտպանության նախարարությունում և ասել են` կառավարության որոշմամբ է ամեն ինչ սահմանվել»,–ասաց ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։
Նա հայտնեց, որ դեռ նախորդ տարի են աշխատավարձերը կրճատել, սակայն խոստացել էին, որ պետք է բարձրանային։
Անդրադառնալով ՊՆ–ի բարեփոխումներին, թե ատեստավորման միջոցով կարող են աշխատավարձերը բարձրացվել` Պողոսյանը նշեց, որ կամավորների մեջ տարիքով մարդիկ շատ կան, ունեն նաև առողջական խնդիրներ և նրանք չեն կարող, օրինակ, 100 հատ «ժիմ անել»։ Նրանք, սակայն, պատրաստ են շարունակել ծառայել հայրենիքին։
Կամավորները նշում են նաև, որ երբեմն առողջական խնդիրներն էլ պատճառ բերելով` չեն թույլատրում իրենց դիրքեր բարձրանալ։
Ջոկատի անդամներից մեկն էլ ասաց, որ բանակը կազմաքանդելու են ատեստավորման միջոցով.
«Կամավորականը ստանում է օրական 8500 դրամ, իսկ ես ունեմ ցուցակներ, որ դիրքապահները չեն ստացել իրենց գումարները։ Ո՞վ է լուծելու կամավորների սոցիալական խնդիրները, ապահովելու բուժման հարցերը` պետականորեն վերաբերմունք չկա կամավորականի նկատմամբ։ Պրոֆեսիոնալ կերպով բանակը քանդելու պրոցես է գնում»։
Նա հավելեց, որ 44-օրյա պատերազմից հետո 303 զինվորական` այդ թվում և ինքը, հետախուզման մեջ է «Ինտերպոլով», և ՊՆ-ն թեկուզ հակընդդեմ հայցով չի մտնում միջազգային դատարաններ։ Կամավորականի խոսքով` իրենք առողջական խնդիրների լուծման համար փորձել են երկրից դուրս գալ, սակայն դեսպանատնից հայտնել են, որ միջազգային հետախուզման մեջ են։
Կամավորականներն ակնկալում են, որ կառավարությունում կընդունեն իրենց, կլսեն իրենց խնդիրների մասին։
Հավելենք, որ կամավորականները, ինչպես և պայմանագրայինները, ՊՆ–ի հետ համապատասխան պայմանագիր ունենալու դեպքում 14 օրը մեկ մարտական հերթապահության են կանգնում, ինչի դիմաց էլ վճարվում են։