ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Վերջին տարիներին Հայաստանում աճել է հայրենադարձության տեմպերը. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 2022 թվականին դիմել է ավելի քան 25.000 մարդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Նշենք, որ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 15 հազար մարդ։
«Վերջին տարիներին հայրենադարձության տեմպն աճել է, ինչը շատ ուրախալի է։ Քաղաքացիություն ստանալու համար դիմողների թվի այս ցուցանիշը 1991 թվականից ի վեր ամենամեծն է»,– ասաց Ալեքսանյանը։
Նա շեշտեց, որ վերջին 3-4 տարում աշխարհի 40-45 երկրից դիմել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար, վերադարձել են Հայաստան և մշտական բնակություն հաստատել։
Նա ընդգծեց, որ հայրենադարձության ակտիվացումն ու խթանումը մի շարք կարևոր խնդիրներ է լուծում։ Դրանք են` դեմոգրաֆիական իրավիճակի շտկումը, Հայաստանի մոդեռնիզացումը, հայրենիքում սփյուռքի ներուժի կիրառումը, ինչպես նաև սոցիալ–տնտեսական իրավիճակով պայմանավորված ներդրումների խթանումը։ Ըստ Ալեքսանյանի` հայրենադարձության շնորհիվ լուծվում է նաև հայապահպանության խնդիրը, քանի որ օտար երկրներում ձուլման վտանգ կա։
Նրա խոսքով` հայրենադարձների խնդիրները չեն ավարտվում միայն հայրենիք տեղափոխվելով և քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալով։ Հաճախ պետական լիազոր մարմնին դիմելիս խնդիրներ են առաջանում երեխաներին դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորելիս, աշխատանք փնտրելիս, մաքսային գոտով անձնական իրերի տեղափոխման հարցի ժամանակ և այլն։ Խնդիրների լուծման առումով Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը համագործակցում է պետական բոլոր օղակների, ինչպես նաև հասարակական դաշտում աշխատող կազմակերպությունների հետ։
2023 թվականի հունվար ամսվա ընթացքում Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին հայրենադարձության և ինտեգրման հարցերով դիմել է շուրջ 300 մարդ։ Հայրենադարձության գրասենյակը 2022 թվականին ստացել է շուրջ 10.000 դիմում` հայրենադարձության տարբեր փուլերին վերաբերող։ Ալեքսանյանի պնդմամբ` գրասենյակի պատմության մեջ դա աննախադեպ ցուցանիշ է, և այն այս տարի էլ շարունակվելու տենդենց ունի։