«Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունից տվյալների արտահոսք բացարձակապես չի եղել։ Ընկերության ղեկավար Վազգեն Հարությունյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ դա ապատեղեկատվություն է։
Օգտատեր Լևոն Իսաջանյանը
ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անհայտ մասնագետներից մեկը երեկ վաճառքի է դրել «Փարկինգ սիթի սերվիսին» վերաբերող տվյալների շտեմարանը, որը պարունակում է 2.7k ծավալով տվյալներ` համարանիշ, սեփականատիրոջ անուն–ազգանուն, մեքենայի վկայականի սերիա և հեռախոսահամար։
Նրա խոսքով` իրենք նախնական ուսումնասիրությամբ պարզել են, որ 2016 թվականին հիմնադրվել է մասնավոր կայք, որտեղ մարդիկ գրանցել են իրենց անուն–ազգանունները, համարանիշները, մեքենաների վկայականի սերիաները և հեռախոսահամարները, և հենց այդ կայքն են կոտրել` տանելով տվյալները։
«Մենք նույնիսկ փորձեցինք պարզել, թե ում հետ է դա կապված, որոշակի եզրեր գտանք, թե տեղեկությունն ում հետ կարող է առնչություն ունենալ, ում մոտ կարող էր նման բան լինել, բայց այդ ամենը մեր ընկերության հետ որևէ կապ չունի։ Մեր մոտից որևէ արտահոսք չի եղել»,– պնդեց մեր զրուցակիցը։
Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ հարցով զբաղվում է նաև ԱԱԾ–ն։
Թեման հայտնվել է նաև անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուշադրության կենտրոնում։ Կառույցի ղեկավար Գևորգ Հայրապետյանը
Sputnik Արմենիային հայտնեց` քանի որ «Փարկինգ սիթի սերվիսը» համայնքային կազմակերպություն է, վերոհիշյալ հրապարակման առթիվ պարզաբանումներ ստանալու համար պաշտոնական հարցում են ուղարկել Երևանի քաղաքապետարան։
«Օրենսդրական կարգավորման համաձայն` էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից արտահոսքի դեպքում հանցագործն անօրինական միջամտություն ցուցաբերած կողմն է, իսկ զոհը և՛ քաղաքացիներն են, և՛ տվյալներ մշակողը։ Բայցևայնպես օրենքը վերջինի վրա դնում է որոշակի պարտականություններ։ Ըստ այդմ` արտահոսքի պարագայում տվյալներ մշակողը պետք է այդ մասին անհապաղ հրապարակի հայտարարություն` միաժամանակ արտահոսքի վերաբերյալ հայտնելով ոստիկանությանն ու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին»,– ասաց Հայրապետյանը։
Հայրապետյանը նշեց, որ օբյեկտիվորեն կարող է արտահոսքի մի քանի տարբերակ լինել, այդ թվում` հաքերային հարձակում։
Երևանի քաղաքապետարանից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ին առնչվող վերոհիշյալ հրապարակման մասին տեղյակ չեն։