ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Չի կարելի բացառել, որ որոշակի փուլում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը որպես շարունակություն կունենա ռազմական կոմպոնենտ։ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին` այս տեսակետը հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ դիտորդների մանդատի առումով դեռ անհասկանալի իրավիճակ է։
«Օրինակ` ամբողջությամբ պարզ չէ, թե ինչ լիազորություններով, ինչ տեխնիկական միջոցներով և ինչ ֆունկցիա են պատրաստվում իրականացնել։ Եվ հետևաբար հիմա դժվար է գնահատել դրանց արդյունավետությունն ու ազդեցությունը իրավիճակի վրա»,– ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ Մոսկվայի արձագանքին՝ Աբրահամյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորը դիմակայություն կա։
Նրա խոսքով` խնդիրն այն չէ, թե այս բևեռներից որն ավելի արդյունավետ կարող է հակազդել Հայաստանի առջև ծառացած սպառնալիքներին, այլ այն, որ Հայաստանը և ՀՀ ցանկացած իշխանություն ամեն ինչ անեն Արևմուտք–Ռուսաստան դիմակայության դաշտ չմտնելու համար։
Պատգամավորը դժգոհեց, որ դիտորդների տեղակայման գործընթացը տեղի է ունենում Մոսկվայի և արևմտյան մայրաքաղաքների միջև սուր հակամարտության համատեքստում, և այս ֆոնին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները երբեմն կրակի վրա յուղ լցնելու գործառույթ են իրականացնում` անկախ այդ պահին նրանց ունեցած նպատակներից։
«Իրավիճակը եկել , հասել է մի կետի, որ երկրի փորձագիտական հանրությունը և քաղաքական շրջանակները դիտորդական առաքելությունը դիտարկում են ոչ թե վերջնական արդյունքների, այլ Արևմուտք-Ռուսաստան առճակատման տեսանկյունից»,– նշեց պատգամավորը։
Աբրահամյանը ռուսական գործոնի համատեքստում ընդգծեց, որ Մոսկվայի առաջարկած անվտանգության համակարգը, այդ թվում՝ ի դեմս ՀԱՊԿ-ի, այժմ այլընտրանք չունի. այս իրավիճակում այլ երկրների և խաղացողների հետ ցանկացած տեսակի համագործակցություն կառուցելիս Հայաստանը պետք է հաշվի առնի այս կազմակերպությանն անդամակցելու հանգամանքը։
«Եթե Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններում փոփոխություններ են եղել, ապա իշխանությունները պարտավոր են բացահայտ խոսել այդ մասին»,– ասաց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵՄ դիտորդների հայտնվելը կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել հարավկովկասյան տարածաշրջան։
Գերատեսչությունում նշել էին, որ Երևանը, իր տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղորդման աշխատանքները, նախընտրել է ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի, բայց եթե հայկական կողմը շահագրգռվածություն հայտնի, ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի կայունությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ՀՀ–ում ԵՄ առաքելությունն աշխատանքը կսկսի փետրվարի 20-ից։