Երևանի Հանրապետության հրապարակի մոտակայքով երեկոյան ժամերին անցնելիս շատերն են տեսել սևամորթ կանանց և տղամարդկանց, որոնք մաքրում են ճանապարհներն ու մայթերը։ Հետաքրքրություն է առաջանում, թե որտեղից են, ինչպես են եկել Հայաստան և ինչ պատմություն ունեն։ Նրանք «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի (ԵԱՍՄ) աշխատակիցներն են։ Sputnik Արմենիան զրուցել է նրանցից մեկի` Կոնգոյից Հայաստան տեղափոխված 46-ամյա Մելենի հետ, որն այստեղ ապրում է կնոջ հետ, ընտանիքը` հայրը, մայրը, եղբայրն ու քույրն էլ մնացել են Կոնգոյում։
Մելենը կնոջ հետ
© Sputnik / Aram Nersesyan
Նա Հայաստան է ժամանել շուրջ չորսուկես տարի առաջ, սկզբում ապրել է Վեդիում, ապա Ազատավանում և գյուղատնտեսությամբ է զբաղվել` գյուղացիներին օգնել է խնձոր, խաղող և այլ մրգեր հավաքել։ Հետո ինչ–որ բան դուրը չի եկել ու տեղափոխվել է Երևան։ Այս ամբողջ ընթացքում սովորել է հայերեն խոսել, անգամ գրել և կարդալ գիտի։ Մտածել է, որ Հայաստանում ապրելու ու աշխատելու համար պետք է լեզվին անպայման տիրապետի։ Առաջինը սովորել է «բարև» բառը, ապա նաև այբուբենն ու մնացած բառերը։
«Հայաստանը լավ տեղ է։ Այն ժամանակ, երբ Հայաստանը Ռուսաստանի մեջ էր մտնում` Խորհրդային Միության տարիներին, իմ պապան սովորում էր այստեղ` Վանաձորում»,– հայերենով պատմեց Մելենը, որին ԵԱՍՄ աշխատակիցները և առհասարակ Հայաստանում Մելո են ասում։
Կոնգոյից Հայաստան տեղափոխված 46-ամյա Մելենը
© Sputnik / Aram Nersesyan
Մելոն մասնագիտությամբ լրագրող է և Կոնգոյում աշխատել է տեղի միջազգային հեռուստատեսություններից մեկում, սակայն տեղի իշխանությունների հետ խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել լքել հայրենիքը։ Աշխարհի բազմաթիվ պետություններից Մելոն ընտրել է Հայաստանը, քանի որ շատ ապահով երկիր է համարում, հայրն էլ մշտապես դրական է արտահայտվել։ Մելոն ևս մեկ անգամ էլ համոզվել է մեր երկրի ապահով լինելու մասին, երբ տարիներ առաջ Հայաստան է եկել ֆրանկոֆոն լրագրողների համաժողովին մասնակցելու, քանի որ ֆրանսալեզու լրագրողների միջազգային ասոցիացիայի անդամ է։ Հենց այդ ժամանակ Երևանում նա արդեն որոշել է այլևս երբեք չվերադառնալ Կոնգո ու մնացել է այստեղ։
«Մեզ մոտ դեպքեր են լինում, եթե չես ասում այն, ինչ այդ երկրի նախագահին է պետք կամ ականջին հաճո է, ապա կարող են ոստիկանություն ուղարկել քո հետևից, ծեծել տալ։ Այստեղ շատ հանգիստ է, մարդիկ ազատ են»,– ասաց Մելոն։
Այդ ժամանակ նա աշխատանք է գտել աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկում, որով կարողանում է ընտանիքը պահել։
Կոնգոյից Հայաստան տեղափոխված 46-ամյա Մելենը մաքրում է Երևանի կենտրոնը
© Sputnik / Aram Nersesyan
Ազատ ժամանակ էլ Մելոն տեսանյութեր է նկարում Հայաստանի և հայերի մասին` որպես բլոգեր։ Դրանք պատրաստելու համար եղել է Վանաձորում, Ծաղկաձորում, Իջևանում, Օշականում, Արարատի մարզի տարբեր գյուղերում և քաղաքներում, հատկապես շատ է դուր եկել Խոր Վիրապը։ Այդ տարբերակով դեռ գումար չի աշխատում, բայց հիմա նրա համար կարևոր է աֆրիկացի ընկերներին և հարազատներին ցույց տալ Հայաստանի տեսարժան վայրերն ու տեղի բնակչության նիստուկացը, քանի որ այնտեղ գրեթե ոչ ոք չգիտի, ինչպես ինքն է ասում, այս հիանալի ու հանգիստ երկրի մասին։ Մելոն ուզում է նաև ֆրանսերեն սովորեցնել հայ փոքրիկներին, քանի որ երեխաներ շատ է սիրում, ու դա պատրաստվում է անել, երբ հայերենին ավելի լավ տիրապետի (որպեսզի հեշտ հաղորդակցվի)։
«Ես կարող եմ երեխաներին ֆրանսերեն սովորեցնել իմ տարբերակով` ռեպ կարդալով, դա և՛ հետաքրքիր կլինի նրանց համար, և՛ դասերն ավելի ակտիվ կանցնեն։ Ես նաև ռեպ եմ կարդում, ինձ Կոնգոյում այդպես էլ են ճանաչում»,– ասաց Մելոն։
Հիմա նա շատ գոհ է այն աշխատանքից, որն անում է ԵԱՍՄ–ում, ինչպես նաև իր հանդեպ դրական վերաբերմունքից։
Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենց ենթակայության տակ գտնվող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ընդհանուր առմամբ աշխատում է 910 մարդ, որից 15-ը` օտարերկրացի։ ԵԱՍՄ–ում աշխատող այլազգիները ժամանել են Հնդկաստանից, Հաիթիից, Կոնգոյից, Նիգերիայից, Վրաստանից և Ուկրաինայից։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում աշխատում է 737 մարդ, որից 6-ը ՌԴ քաղաքացի են, բայց ազգությամբ հայ։ Նրանք կացության քարտեր են ներկայացրել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի այլ ստորաբաժանումներում օտարերկրյա քաղաքացիներ չեն աշխատում:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցները
© Sputnik / Aram Nersesyan