Հայ–հնդկական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում. Դան Դեվալ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀՀ–ում Հնդկաստանի դեսպանին տարբեր ոլորտներում փոխգործակցության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել ու շնորհակալություն է հայտնել ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին` Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացման համար։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ քարտուղարի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Դան Դեվալն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
«Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նաև 2 երկրի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար: Կիշան Դան Դեվալն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա»,– ասված է հաղորդագրությունում:
Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով և որ հետագայում ևս նպաստելու է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացմանը:
Հիշեցնենք, որ Կիշան Դան Դեվալը ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2019 թվականի մարտ ամսին։ Մինչ այդ նա կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները:
ԶԼՄ–ներում էլ տեղեկություններ են տարածվում, որ նոր դեսպանը Նիլակշի Սահա Սինհային է, որը բարձրաստիճան քաղաքացիական և դիվանագիտական ծառայող է ու վերջին տարիներին եղել է վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչը. ըստ հնդկաստանյան աղբյուրների, նա տիրապետում է 15 լեզվի։