Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Չարչյանը մեղադրվում է կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ-ին։
«Չարչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,–ասացին ՔԿ–ից։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիություն զրկելու միջնորդագրում նշել էր, որ նա քրեական գործի վերաբերյալ ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես «Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
Հավելենք, որ Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ներկայացված մեղադրանքը Չարչյանը չի ընդունել` այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։