Երևանի «Մետրո» թատրոնի պահեստային հատվածն արդեն շուրջ մեկ տարի է՝ վերածվել է մի ուրիշ աշխարհի, որտեղ չկան սահմանափակումներ ու խտրականություն։ Այստեղ պարի այբուբենն են սովորում ցանկացած տեսակի ֆիզիկական հաշմանդամություն կամ մտավոր խնդիրներ ունեցող մեծեր ու փոքրեր, նաև՝ հաշմանդամություն չունեցողներ։
Փորձասենյակում պարի լեզուն միասին ու միաժամանակ սովորում են հաշմանդամություն ունեցող ու չունեցող տարբեր տարիքի մարդիկ։ Սա Գեղագիտության ազգային կենտրոնի Կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոնն է՝ իր տեսակով առաջինն ու միակը տարածաշրջանում։ Ուսուցումն անվճար է, դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պարին, դերասանական արվեստին առնչվել։ Կենտրոնը հիմնադրվել է 2021 թվականին, բայց ԳԱԿ տնօրեն, «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն ասում է՝ իրականում այս պատմությունը մոտ 10 տարի առաջ է սկսվել։
Վահան Բադալյան
© Sputnik / Aram Nersesyan
«Փոքր թատրոնն ու ես փորձարարականության, նորարարության ցանկություն ունեինք, «Կանդուկո» ներառական պարային խումբը հյուրախաղերի էր այստեղ, և Բրիտանական խորհրդից դիմեցին, ասացին՝ կցանկանա՞ք նման մի բան էլ «Փոքր թատրոնի» բազայի վրա ստեղծվի։ Ես միանգամից համաձայնեցի։ Իմ գլխավոր շարժառիթը հետաքրքրասիրությունն էր՝ նոր շարժում բացահայտելու։ Պրոֆեսիոնալի հետ աշխատելիս մոտավորապես գիտես, թե մարմինը ինչ մաքսիմումներ ունի։ Այս դեպքում մարմին է, որը որոշ չափով է շարժվում, արտահայտչականությունն է այլ․ սա ինձ հետաքրքիր թվաց, ու ես ճիշտ էի»,- հիշում է Վահան Բադալյանը։
Այդպես ստեղծվեց մի պարային խումբ, որում ընդգրկվեցին 4 պրոֆեսիոնալ պարողներ և 4 հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Խումբը մեծ հաջողություններ ունեցավ թե Հայաստանում, թե արտերկրում։ Այս տարիների ընթացքում ևս խումբը շարունակեց բեմ բարձրանալ, իր խաղացանկն ունի։
«Ինձ անընդհատ այդ միտքը տանջում էր, թե հաջորդ քայլը որը պետք է լինի՝ ձեռք ենք բերել փորձ, գիտելիք, ինչպես ինստիտուցիոնալ դարձնել այդ ամենը։ Ես չեմ սիրում, երբ ծրագիրը լավն է, հաջողված է, բայց մեկ անգամ արվեց, ավարտվեց ու վերջ, հատկապես որ շատերը խմբի ելույթը դիտելուց հետո հարցնում էին՝ ինչպես մենք էլ կարող ենք պարով զբաղվել և այլն։ 2021 թվականին տեսա «Մետրո» թատրոնի պահեստային մասը, ասացի՝ սա է, այս լքված տարածքը դարձնելու ենք սիրուն փորձասրահ»։
Հիմա արդեն կենտրոնը մոտ 100 շրջանավարտ ունի, 3 մակարդակի դասընթացներ են կազմակերպվում՝ սկսնակների, միջին ունակությունների և բարդ մասնագիտական։ Առաջին մակարդակի դասընթացն ավարտածներին հնարավորություն է տրվում հաջորդ մակարդակում շարունակելու, ի վերջո՝ մասնագիտանալու։ Սովորելու հնարավորություն ունի յուրաքանչյուր ցանկացող, սկսնակների համար դասընթացն ընդհանուր 24 ժամ տևողությամբ է (12 դաս)։ Սա կրթվելու, նոր մասնագիտություն ձեռքբերելու հնարավորություն է։ Ասում են՝ նախորդ խմբում մոտ 70 տարեկան նախկին ուսուցչուհի կար, որը որոշել էր պարին, դերասանական արվեստին ծանոթանալ։
Վահան Բադալյանը նշում է՝ արտասահմանում ընդունված է՝ կարող ես, օրինակ, 50 տարի հաշվապահ լինել, հետո մեկ էլ որոշել՝ նկարել ես ուզում։ Եվ արտերկրում ցանկությունդ իրականություն դարձնելու հնարավորություն կա։ Հիմա արդեն մեզ մոտ էլ․․․ Բացի այդ, կենտրոնի ստեղծման հիմքում ներառականությունն է՝ ներառում բոլորի համար։
Կենտրոնում դասավանդողները «Փոքր թատրոնի» արտիստներն են, որոնք համապատասխան վերապատրաստում են անցել։ Դասավանդողների թվում են Քրիստինա Դանիելյանն ու Մհեր Զալինյանը, ովքեր դեռ 2013 թվականին ստեղծված խմբից են։
Մհեր Զալինյան
© Sputnik / Aram Nersesyan
Քրիստինան այն ժամանակ ընդգրկվեց որպես պրոֆեսիոնալ պարուհի, իսկ Մհերը հաշմանդամություն ունեցող 4 մասնակիցներից մեկն էր։ Դրանից առաջ հասարակական աշխատանքով էր զբաղվում, հետո կյանքում պարն ու դերասանական արվեստն էլ հայտնվեցին, աշխարհով մեկ շրջագայությունները սկսվեցին։
«Երբ ասում ենք՝ «ներառականություն», մարդիկ դա հաճախ կապում են հաշմանդամության հետ։ Բայց շատ մարդիկ կան, որ չունեն հաշմանդամություն, բայց ներառվելու կարիք ունեն։ Այս հարթակը նրանց բոլորի համար է»,- ասում է Մհերը։
Քրիստինա Դանիելյան
© Sputnik / Aram Nersesyan
Սա երևակայելու անսահման հնարավորություն է, նշում է Քրիստինան ու բացատրում՝ երբ գործ ունես մարդկանց հետ, ովքեր իրենց հնարավորությունների սահմանում կարող են որոշակի շարժում անել, սկսում ես ավելի լայն մտածել, կարողանում ես նոր բան տեսնել ու փորձարկել։
«Հաճախ արդյունքը սպասվածից ավելի լավն է լինում։ Մեզ ասում են՝ ի՞նչ մեթոդաբանությամբ եք աշխատում։ Իհարկե, մոդուլը կա, բայց այն քառակուսի մի բան չէ՝ յուրաքանչյուր խմբի ու յուրաքանչյուր մասնակցի հետ աշխատելու առանձին ձև, մոտեցում ես գտնում»,- բացատրում է Քրիստինան։
Դասերը միաժամանակ մի քանի մասնագետներ են անցկացնում։ Մեկը հիմնական դասընթացն է վարում, մյուսները կենտրոնանում են տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց աջակցելու, օգնելու վրա։
«2013-ին, երբ սկսեցինք մեր ներկայացումները խաղալ, կարծրատիպային մտածողությամբ հանդիսատես կար, որ կարծում էր՝ սիրողական մակարդակի մի բան է դիտելու, ներկայացումից հետո խոստովանում էր՝ անգամ չնկատեց էլ, որ բեմում հաշմանդամություն ունեցող մարդիկ կան։ Ես ասում էի՝ որովհետև իմ նպատակը դա չէր, ես ուզում էի, որ դուք ներկայացում նայեիք, կապ չունի, թե բեմում է ով է կանգնած»,- ասում է Վահան Բադալյանն ու հավելում՝ նույն նպատակը հիմա էլ ունեն։ Աշխատում են «Գույներ» ներկայացման վրա, որը հանդիսատեսի դատին են հանձնելու գարնանը։
Ի՞նչ է հետո լինելու․ Վահան Բադալյանը խոստովանում է՝ որպես բեմադրիչ անընդհատ մտածում է այնպիսի ներկայացում բեմադրել, որը հասանելի կլինի ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող, նաև չլսող ու չտեսնող մարդու համար։ Հեշտ գործ չէ, գիտի, բայց և վստահ է՝ դժվարություններից ոչ թե վախենալ է պետք, այլ քայլ առ քայլ առաջ գնալ։