ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է Թուրքիայի Ադանա քաղաք, որտեղ խոշոր ավերածություններ են տեղի ունեցել Ղահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերից հետո, հայտնում է Anadolu գործակալությունը։
Օդանավակայանում Հունաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին դիմավորել է թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն։
Նախարարները օդանավակայանում մամուլի համար փակ հանդիպում են անցկացրել։
Սա հույն նախարարի առաջին այցն է Թուրքիա ՝ 2022 թվականի մայիսին երկու երկրների ղեկավարների հարաբերությունների սրումից և շփման դադարեցումից հետո։
Հավելենք, որ Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն վատթարացել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում պայմանավորվել ծովային գոտիների շուրջ։
Փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա: