Հայտնի են դարձել երկրաշարժից մահացած ևս 3 սիրիահայի անունները

Երկրաշարժ Սիրիայում
Նշվում է, որ նրանք ընտանիքի անդամներ էին` մայրը և իր երկու երեխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքիայիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացած ևս 3 սիրիահայի անուններ են հայտնի դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հալեպի Հայ մարմնամարզական միությունը։
Նրանք մահացել Թուրքիայի Ալեքսանդրետի շրջանում։
«Երկրաշարժի հետևանքով մահացել են Հալեպի Հայ մարմնամարզական միության անդամները` Կանանց վարչության նախկին ատենապետ Դշխուն Մեսրոպյանը և իր երկու երեխաները` Արմիկն (1978) ու Մեսրոպը (1985)։ Վերջիններս ՀՄՄ–ի սկաուտներ են եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Արմիկը նաև «Նոր սերունդ» մշակութային միության պարախմբի անդամ էր։
Հիշեցնենք, որ մինչ այդ հայտնի էր սիրիահայ 2 զոհի և 2 վիրավորի մասին, որոնց վիճակը գնահատվում էր շատ ծանր։ Նրանք բոլորը Թենեքեջյանների ընտանիքից են։
Փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։