ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին ու Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար։
«Սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն ձեր ջանքերի համար, որոնք հնարավոր դարձրին սա։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը, որը կօգնի մեղմել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,– Twitter–ի իր էջում գրել է նա։
Նա նաև նշել է, որ հայկական բեռնատարները սննդամթերք, դեղորայք, ջուր և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են տանում Թուրքիա։ Ըստ Քըլըչի` 100 տոննա օգնությունը հասնելու է Ադիյաման։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն այսօր հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։
Բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Twitter–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հատում հայ–թուրքական սահմանը։
Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 20 665-ի, 80 088 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։