Թուրքիայի երկրաշարժը հավասարազոր էր 500 ատոմային ռումբի պայթյունի. իշխանություն

Երկրաշարժի հետևանքները
Փորձագետները վերլուծում են փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը հավասարազոր էր 500 ատոմային ռումբի պայթյունի, տարածաշրջանը բառացիորեն երկու րոպե ցնցվում էր։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բախվեցինք ավելի մեծ աղետի, քան կանխատեսում էինք: Մենք վերլուծում ենք փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերը: Առաջին երկրաշարժը տևեց 65 վայրկյան, ավերիչ ազդեցություն ունեցավ, երկրորդ երկրաշարժը, որը տևեց 45 վայրկյան ևս ավերիչ ազդեցություն ունեցավ: Տարածքը ուժգին ցնցվեց մոտ 2 րոպե, երկու երկրաշարժերը համարժեք էին 500 ատոմային ռումբի պայթյունի էներգիային»,- լրագրողներին ասել է Թաթարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 20 665-ի, 80 088 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։