Ինչպես են ձերբակալել «Համմերի» վարորդին. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

«Համմերի» վարորդը ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ։
Sputnik
ՀՀ ոստիկանությունը կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ձերբակալում երեկ Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ ստեղծած «Համմերի» 25-ամյա վարորդ Գ.Ս.–ին։
Փետրվարի 10-ին` ժամը 23.30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։
Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն «Համմերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել է փախուստի:
Փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքի դիտավորյալ վնասելը) և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվել ու վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:
Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: