ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը, որ փետրվարի 11-ի մեկնել է Հալեպ, այցելել է Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցի, որտեղ նրանց ընդունել է Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Աշգարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
Սրբազանը դրվատանքի խոսքեր է ասել փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե՛ Հալեպի նահանգային իշխանությունների, թե՛ ողջ հալեպահայ համայնքի կողմից։
Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվել է մոմավառություն ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։
Հալեպում հայ փրկարարներն այցելել են եկեղեցի
© Photo : Consulate General of Armenia, Aleppo, Syria
Փրկարարական խմբի անդամներին ուղեկցել են ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 21 043-ի, 80 097 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։