Ֆինլանդիայի նախագահը վստահ է, որ իր երկիրը մինչև հուլիս ՆԱՏՕ-ի անդամ կդառնա

ՆԱՏՕ
Ֆինլանդիան և Շվեդիան բազմաթիվ հուսադրող հայտարարություններ են լսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ֆինլանդիան և Շվեդիան մինչև հուլիս Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ կդառնան։ Ինչպես հայտնում է STT գործակալությունը, այս հայտարարությունն արել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։
«Նախագահ Սաուլի Նիինիստյոն կարծում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան որպես ՆԱՏՕ–ի լիիրավ անդամ կմասնակցեն Վիլնյուսում հուլիսին (հանդիպումը նախատեսված է հուլիսի 11-12-ին) կայանալիք պաշտպանական դաշինքի գագաթնաժողովին։ Նիինիստյոն ընդգծում է այդ ուղենիշի կարևորությունը` հայտարարելով, որ եթե անդամակցությունը մինչև ամառ տեղի չունենա, դա ավելի մեծ կասկածի տակ կդնի ՆԱՏՕ–ին անդամակցելու ամբողջ գործընթացը», – գրում է գործակալությունը։
STT–ին տված հարցազրույցում Նիինիստյոն հիշեցրել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ–ից բազմաթիվ հուսադրող հայտարարություններ են լսել երկրներին դաշինքի կազմում արագ ընդգրկելու վերաբերյալ։
«Այո՛, տեսնում եմ, որ դա արդեն խնդիր է դարձել ՆԱՏՕ–ի համար։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ–ի երկրները ևս զարմացած էին», – ասել է Նիինիստյոն։
Ուշադրության կենտրոնում է Թուրքիայի կողմից հյուսիսային երկրների հայտերի վավերացումը։
«Չեմ կարծում, որ նա (Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը) հասարակական որևէ ճնշման կենթարկվի։ Սակայն եթե ԱՄՆ–ի և Թուրքիայի բանակցություններում որևէ բան բացվի, գուցե դա արդյունք տա», – նշել է Նիինիստյոն։
Շվեդիայում հուսով են, որ ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ պայմանավորվածության կհասնեն ամռանը
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել դաշինքի անդամ 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։
Ֆինլանդիայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ անդամակցությունը ՆԱՏՕ–ի բոլոր մասնակից երկրների ընդհանուր շահերից է բխում և հյուսիսային երկու երկրներն էլ մտադիր են միայն միասին միանալ դաշինքին։ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ հայտի վավերացման գործընթացը դանդաղեց այս տարեսկզբին Ստոկհոլմում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով, որոնք բարդացրին Թուրքիայի հետ հարաբերությունները։
«Հե՜յ, Շվեդիա՛, մի՛ փորձիր». Էրդողանը դեմ չէ, որ Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ–ին