ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ–ի և Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ–ում արտադրված ապրանքը Սինգապուր կներմուծվի առանց մաքսատուրքի։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար:
Խոսելով կողմերի սակագնային պարտավորությունների մասին` Քերոբյանը նշեց, որ ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկում 12.229 ապրանք կա: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դրանցից 4.858–ի համար նախատեսվում է 0% մաքսատուրքի կիրարկում, 597 ապրանքատեսակի դեպքում մինչև 0% մաքսատուրքի դրույքաչափի իջեցում է նախատեսվում 3 տարի հետո, 2.340 ապրանքատեսակի մասով՝ 5 տարի հետո, 2.201 ապրանքատեսակի մասով՝ 7 տարի հետո և 716 ապրանքատեսակի մասով՝ 10 տարի հետո: Հանումներ են նախատեսված նաև 1.517 ապրանքատեսակի համար։
«Հաշվի առնելով Սինգապուրի առևտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առևտրի, այնպես էլ ծառայությունների և ներդրումների իրականացման ուղղությամբ: Սինգապուրը համաձայնագրով պարտավորվում է չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ»,– ասաց Քերոբյանը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:
Քերոբյանը, անդրադառնալով տնտեսական աճի տեմպերին, նշեց, որ 2022–ին էական աճ է գրանցվել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ, մոտավորապես 70%–ով աճել է արտաքին առևտրաշրջանառությունը: Երեք երկրի հետ 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն է գրանցվել. ՌԴ-ի հետ՝ 5 միլիարդից ավելի, հաջորդը Չինաստանն ու ԱՄԷ-ն են:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ եղավ արտաքին առևտրի աճի միտումներին, արտահանման բլոկում տեղական արտադրության ապրանքատեսակներին, վերաարտադրմանը, համաձայնագրի տնտեսական նշանակությանը, Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական հետաքրքրությանը և այլ խնդիրների:
Նախարարն ընդգծեց` անհրաժեշտ վերլուծություն կկատարվի, որպեսզի տեղական ընկերությունները տեղեկացված լինեն, թե որ ապրանքատեսակների դեպքում Հայաստանը կարող է մրցունակ լինել դեպի Սինգապուր արտահանումների համար: Նա որպես երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններ առաջնային դիտարկեց տեխնոլոգիական համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը: